«Մեկ անձի» իշխանությունն ու անճարակ ընդդիմությունը

«Մեկ անձի» իշխանությունն ու անճարակ ընդդիմությունը

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե որպես իշխանություն ի՞նչ են արել և ի՞նչ են անում, առաջարկում՝ Լաչինի միջանցքը բացելու համար և ինչպե՞ս է դրսևորվում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վկայակոչել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա պատասխանել է՝ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը Ռուսաստանի Դաշնությունն է, և կոչ է արել ընդդիմությանն՝ այս ուղղությամբ աշխատել, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։

Դասական ժողովրդավարական ռեժիմների համար Գրիգորյանի ասածը միանգամայն ճիշտ է. արտաքին քաղաքական հարցերում, իշխանությունն ու ընդդիմությունը, որպես կանոն, ընդհանուր օրակարգ են ձևավորում և միասին սպասարկում են այն՝ արդյունավետ դերաբաշխում անելով:
Բայց արդյո՞ք Հայաստանը դասական ժողովրդավարություն է, որտեղ որոշումների ընդունման, քաղաքական կոնսուլտացիաների անցկացման մեխանիզմները գործում են:
Իհարկե, ոչ:

Նախապատերազմյան շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «բանակցում է այն, ինչ պետք է»՝ փակելով մտահոգություններ հայտնող ընդդիմության բերանը:

«Բանակցում եմ այն, ինչ պետք է» բանաձն արդեն իսկ ենթադրում է, որ Հայաստանում հաստատվել է «մեկ անձի» իշխանություն ու Նիկոլ Փաշինյանը միանձնյա է կայացնում որոշումները՝ չխորհրդակցելով ոչ միայն ընդդիմության հետ, այլ նաև քննարկումների ներառականություն չապահովելով սեփական թիմի ներսում:

Այդ քաղաքականության հետևանքները մենք տեսանք, սակայն նույնիսկ մահաբեր պատերազմը չփոխեց Փաշինյանի կառավարման ոճը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին պոտֆակտում տեղեկացան ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլ նաև՝ իշխանության ներկայացուցիչները:

Նույն գործելաոճը շարունակվում է այսօր ու, Փաշինյանից բացի, թերևս, որևէ մեկը տեղյակ չէ, թե Մոսկվա- Բրյուսել- Վաշինգտոն եռանկյունում ինչպիսի վտանգավոր դեգերումների մեջ է Փաշինյանը:

Երբ երկրում «մեկ անձի» իշխանություն է ու անճարակ ընդդիմություն, ԱԽՔ-ի հայտարարությունը դեմագոգիկ է հնչում, որի միակ նպատակն է իշխանության պատասխանատվությունը տարալուծելն ու այն քաղաքական մյուս սեգմենտների վրա դնելն է ու դա այն պարագայում, երբ Փաշինյանը «բանակցում է այն, ինչ պետք է»՝ առանց մյուսներին տեղեկացնելու:

Վահրամ Բագրատյան